2020 թվականի հունվարի 24-ին «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Երջանիկ լինելու իրավունքը» ֆիլմի դիտումը։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, համախոհներ, իրավապաշտպաններ։
Ֆիլմը նկարահանվել է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) կողմից, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերի հաշվին։
«Երջանիկ լինելու իրավունքը» ֆիլմը պատմում է տրանսգենդեր կին Մոնիկայի կյանքի մասին, թե ով է ինքը, երբ է հասկացել, որ իրեն հակառակ սեռի դերում է զգում, ինչպես են ընդունել հարազատները այդ փաստը։ Մոնիկան խոսում է հասարակության կողմից խտրականացված լինելու, մերժվելու, անընդմեջ բռնության ենթարկվելու մասին։ Նա հույս է հայտնում, որ իր պայքարը հանուն հավասարության մի օր կտա իր պտուղները, և հասարակությունը ստիպված կլինի հաշտվել այն մտքի հետ, որ տրանս* անձինք ևս հասարակության մի մասն են, լիիրավ անդամը և իրավունք ունեն աշխատանքի, ընտանիք կազմելու և երջանիկ լինելու․․․
Մոնիկան խոսում է հորմոնաթերապիայի և սեռափոխության մտադրության մասին։
Ֆիլմում նաև խոսում են իրավապաշտպաններ, իրավաբան և սեռականության փորձագետ, որոնք իրենց մասնագիտության տեսանկյունից են ներկայացնում խնդիրը։
Ֆիլմի դիտումը անցավ ջերմ մթնոլորտում, մարդիկ կիսեցին իրենց կարծիքները ֆիլմի և ֆիլմում ներկայացված խնդրի վերաբերյալ, քննարկեցին թեման և իրենց համերաշխությունը հայտնեցին տրանս* համայնքին։