infongngo@gmail.com
+374 60 478989

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վարքագիծը

13 August, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վարքագիծը

06.08.2018թ.-ից ֆեյսբուքյան հարթակում ատելություն սերմանող գրառումներ կատարելու առանձնակի ակտիվությամբ աչքի է ընկնում ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբան և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Գևորգ Պետրոսյանը:

Վերջինիս գրառումներում թիրախավորված են ԼԳԲՏ անձինք և ոչ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: Գրառումները ներկայացվում են ստորև (տես նաև Հավելված 1).

  • 06.08.2018թ.- Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին...
  • 06.08.2018թ.- Որոշ շառլատաններ, պարապ նստած, սպասում են մի հրապարակման, որ իրենց «ուժը» ցուցադրեն...

Այո, ասել եմ և կրկնում եմ՝ պետք է ազատվել համասեռամոլներից, այո պետք է ազատվել այն աղանդավորներից, որոնք կրծկեր երեխային պատշգամբից ցած են նետում՝ պատճառաբանելով, թե իրենց հավատքն է դա պահանջել...
Ես գտնում եմ, որ այստեղ մեր ազգային անվտագնության խնդիրն է...
Ու թող վայրահաչողները չկարծեն, որ եթե չեմ արձագանքում իրենց վայնասունին, ուրեմն ասելիք չունեմ...

Ասելիք շատ ունեմ, կարգավիճակս է խանգարում՝ իրերն իրենց անուններով կոչելու համար...

  • 06.08.2018թ.- Հարգելի ընկերներ..

Մեր արժեհամակարգը կործանող համասեռամոլների ու կործանիչ աղանդավորների վերաբերյալ գրառումներիս առթիվ որոշ կեղծ օգտատերեր և նրանց խորհրդատուներ ակտիվացել են...

Ես շատ լավ գիտեմ, թե ում հետևում ով է պախկված...
Անձնական վիրավորանքներին չեմ արձագանքում, քանի որ գիտակցում եմ, որ իմ ցանկացած գրառում դառնալու է քննարկման առարկա և վերագրվելու է իմ հարազատ քաղաքական ուժին...

Հորդորոյմ եմ անճարներին. հաշտվեք ձեր չգոյության հետ...
Մնացածը՝ հաջորդիվ...

Խղճում եմ էտ……

  • 07.08.2018թ.- Մենք հայրենիք ենք կորցնում

Տեղեկացա, որ ինչ-որ անհայտ ծագմամբ «Փինք Արմենիա» անվանումով հասարակական կազմակերպություն դիմել է ՀՀ ոստիկանություն համասեռամոլության դեմ արտահայտածս կարծիքի համար ինձ պստասխանատվության ենթարկելու պահանջով...
Նախ, գնահատական կարող է տալ դատարանը, հետո պետք է կարդալ նաև Սահմանադրությսն 96-րդ հոդվածը... Բայց դա մի կողմ...
Ժողովուրդ, Հայրենիք ենք կորցնում...

Ուրիշ ոչինչ չունեմ ասելու)))…

Գևորգ Պետրոսյանի գրառումները պարունակում են ատելության խոսք, խտրականություն և կարող են թշնամանք հարուցել կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ:

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է խտրականության արգելքը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Ընդ որում, ՀՀ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կրոնական թշնամանք հարուցելու համար:

Գևորգ Պետրոսյանն իր վարքագծով խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները.

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի էթիկայի կանոններն են՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ,  հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Ինչպես արդեն նշվեց, Գևորգ Պետրոսյանը հանդիսանում է նաև ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս:

Համաձայն 2015թ.-ի մարտի 26-ի «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի ներքին կարգապահական կանոնների՝ ԵՊՀ աշխատողները պարտավոր են` 1) կատարել Աշխատանքային օրենսգրքով, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով, ԵՊՀ կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտերով նախատեսված պարտականությունները, կատարել անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին իրավական ակտերի և աշխատանքների կազմակերպման ու իրականացման կանոնների պահանջները,  բարձր պահել ԵՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը:

Գևորգ Պետրոսյանի գրառումներն ակնհայտ խտրական են և ոտնահարում են ոչ միայն ՀՀ ներպետական, այլև ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքներն ու ազատությունները:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վարքագիծը և կոչ անում.

 

  • ՀՀ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին պատասխանատվության ենթարկել Գևորգ Պետրոսյանին էթիկայի նորմերը խախտելու համար,
  • ՀՀ իրավապահ մարմիններին՝ Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ,
  • ԵՊՀ ռեկտորին՝ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ ԵՊՀ աշխատողի պարտականությունները չկատարելու հիմքով,
  • ՀՀ ԶԼՄ-ներին՝ զերծ մնալ ատելություն սերմանող և բռնություն հրահրող նյութերի տարածումից և իրականությունը խեղաթյուրող մեկնաբանություններից:
  • ՀՀ կառավարությանը՝ իրականացնել ՀՀ-ում խտրականության և բռնության բացառման քաղաքականություն՝ համապատասխան ելույթների, օրենսդրական փոփոխությունների և այլ արդյունավետ միջոցառումների իրականացմամբ:

 

Սույն դեպքի առիթով բոլոր իրավասու մարմինները պետք է դրսևորեն գործի ընթացքի վերաբերյալ հետևողականություն, քանզի նմանատիպ կոչերն ու գրառումները, փաստացի տեղի ունեցող բռնություններն ու խարանը սկսել են արմատներ գցել նոր՝ հետհեղափոխական Հայաստանում և վտանգ սպառնալ մի շարք քաղաքացիների կյանքի և առողջության համար:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իր գործունեությամբ առաջնորդվում է օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության և համաչափության սկզբունքներով, և հետևողական է լինելու սույն գործով արդար և անկողմնակալ քննության նկատմամբ:

Լավագույն ցանկություններով՝

ՀԿ նախագահ՝                            Ս. Գաբրիելյան

 

Հավելված 1