infongngo@gmail.com
+374 60 478989

Դասընթաց ոստիկանության կրթահամալիրում

28 February, 2020

2020 թվականի փետրվարի 26-ին և 27-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)  ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ոստիկանության կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողների համար անցկացրեց հերթական դասընթացը։ Այս անգամ դասընթացի փորձագետներն էին իրավաբան, փաստաբան Արմինե Հակոբյանը, «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համանախագահ Արման Ղարիբյանը և Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Դասընթացի առաջին օրը՝ փետրվարի 26-ին, ՆՍՀԿ փորձագետ Արմինե Հակոբյանը կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ուսանողներին ներկայացրեց «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներ» թեման, իսկ հետո՝ ՆՍՀԿ փորձագետ Արման Ղարիբյանը ներկայացրեց «Խոսքի ազատություն/սահմանփակումներ» թեման։ Հանդիպումն անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում։

Փետրվարի 27-ին՝ դասընթացի երկրորդ օրը ներկայացվող թեմաներն էին «Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք»-ը և  «Հավաքների ազատություն»-ը։ Դասընթացի փորձագետն էր Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հարկ է նշել, որ դասընթացն իրականացվում էր ոստիկանական համակարգում արդեն իսկ ընդգրկված 16 ներկայացուցիչների համար։

Երկրորդ օրվա դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին դասընթացների մասնակցության հավաստագրեր։