infongngo@gmail.com
+374 60 478989

Միայն դեմքերը փակելը բավարար չէ, անձնական տվյալները չեն հեռացվել. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

20 August, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի եւ ՄԻՊ գրասենյակի համագործակցության արդյունքում ՀՀ Ոստիկանության պաշտոնական էջից հեռացվել է «Առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին» վերտառությամբ տեսանյութը, որը հրապարակվել էր մի խումբ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտմամբ:

 «Օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից միջադեպի մասնակիցների անվտանգության խնդիրների ապահովման առնչությամբ ահազանգ է ստացվել։ ՄԻՊ-ը դիմել է ոստիկանություն, եւ համատեղ քննարկման արդյունքում որոշվել է ոստիկանության տեսանյութում դեպքի մասնակիցների դեմքերը փակել»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում:

«Նոր Սերունդ» ՀԿ-ն հայտարարում է, որ պահանջը բավարարվել է մասնակի: Թեև կրկին տեղադրված տեսանյութում փակված են մասնակիցների դեմքերը, նրանց անձնական տվյալները չեն հեռացվել:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակելու է ուշադրությամբ հետևել քննության ընթացքին: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Առաջարկում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից հեռացնել համապատասխան տեսանյութը և հայտարարությունը,

2. Հրապարակայնորեն ներողություն խնդրել այն անձանցից, որոնց նկատմամբ խախտվել է անմեղության կանխավարկածն ու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքը,

3. Կարգապահական, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք պատասխանատու են եղել տեսանյութի և հայտարարության պատրաստման և տեղադրման համար»:

«Նոր Սերունդ» Մարդասիրական  ՀԿ