2018թ.-ի հուլիսի 22-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության (այսուհետ նաև ՆՍՀԿ) հրավերով Գերմանիայից Երևան ժամանեց Բավարիայի շրջանի երիտասարդական խորհրդի աշխատակազմը (այսուհետ նաև BJR աշխատակազմ): Այցի հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում առկա երիտասարդական խնդիրներն ու կարիքները, փոխանակվել փորձով և գտնել համագործակցության եզրեր:
Հայաստան այցելած հյուրերի համար ՆՍՀԿ-ի կողմից նախապես կազմվել էր հանդիպումների, քննարկումների և ճանաչողական այցերի շարք:
2018թ.-ի հուլիսի 23-ին BJR աշխատակազմը հյուրընկալվեց ՆՍՀԿ գրասենյակում, ծանոթացավ ՆՍՀԿ ինչպես ընթացիկ, այնպես էլ իրականացված ծրագրերին և աշխատանքներին: Երկու Կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, ներկայացրեցին առաջարկներ և ուրվագծեցին հետագա համագործակցության շրջանակները:
Օրվա երկրորդ կեսին հյուրերը հանդիպում-քննարկում ունեցան նախ Հարավային Կովկասի հայաստանյան «Հենրիխ Բոյլ» հիմնադրամի, ապա նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ:
2018թ.-ի հուլիսի 24-ին հյուրերի համար կազմակերպվեց այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ նրանք, ծաղիկներ դնելով, հարգանքի տուրք մատուցեցին 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանի, Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և BJR աշխատակազմերի միջև: Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդական հիմնախնդիրների լուծման գործընթացում ներգրավել ինչպես հասարակական կազմակերպություններին, այնպես էլ պետական մարմիններին:
Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաջորդեց ՀՀ-ում գործող երիտասարդական ՀԿ-ների հետ հանդիպումը: Այս հանդիպման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչները հյուրերին ներկայացրեցին այն հիմնական խնդիրներն ու սահմանափակումները, որոնց բախվում են ՀՀ-ում: BJR աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը Բավարիայում և առաջարկեցին խնդիրների լուծման տարբերակներ:
2018թ.-ի հուլիսի 25-ը մեկնարկեց ճանաչողական այցով դեպի Խոր Վիրապ վանական համալիր: Այնուհետև հյուրերը վերադառնալով Երևան, այցելեցին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան և Մատենադարան:
2018թ.-ի հուլիսի 26-ին ՆՍՀԿ և BJR ներկայացուցիչներն այցելեցին Սևանավանք, այնուհետև ՆՍՀԿ-ի կողմից կազմակերպվեց հյուրասիրություն Սևանա լճի ափին: Հաջորդիվ տեղի ունեցավ այցելություն ՀՀ Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիր:
Օրվա վերջում BJR աշխատակազմը կրկին հյուրընկալվեց ՆՍՀԿ գրասենյակում, որտեղ էլ միմյանց նվերներ տալուց հետո Կազմակերպությունների միջև՝ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի և Բավարիայի շրջանի Երիտասարդական խորհրդի նախագահ Մաթիաս Ֆաքի կողմից ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսված էր նաև ՆՍՀԿ աշխատակազմի 3 անդամների այցելությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ արդեն իսկ ձևավորված համագործակցությունն ամրապնդելու և Գերմանիայի փորձին ծանոթանալու նպատակով: