Նույնասեռականությունը հոգեկան հիվանդություն չէ.
Դատարանի որոշմամբ ուժի մեջ մնաց անձի վարորդական վկայականը
2018թ.-ի ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ` դատավոր Լիանա Հակոբյանի, կայացրեց վարչական գործով արդարացի վճիռ՝ հօգուտ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ շահառու X.X-ի:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ շահառու X.X-ը 2011թ.-ին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ նույնասեռական հանդիսանալու հիմքով, սակայն, ինչպես նույնանման բոլոր այլ դեպքերում, այս անգամ ևս որպես հիմք նշվել է հոգեկան հիվանդություն ունենալու հիմքով զորակոչից ազատելը:
Շահառու X.X-ը 2013թ.-ին օրինական կարգով ձեռք է բերել վարորդական վկայական: 08.08.2016թ.-ին տեղեկանալով իր վարորդական վկայականն ուժը կորցնելու մասին, X.X-ը դիմել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ խնդրելով տրամադրել իր վերաբերյալ ընդունված համապատասխան ակտը, որին ի պատասխան պատասխանողը նշել է.
«Ձեր XX.XX.XXթ.-ի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ Դուք ընդգրկված եք Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի կողմից Ճանապարհային ոստիկանությանը տրամադրված 2010-2012թթ. հոգեկան հիվանդություններով զորակոչից ազատված անձանց ցուցակում՝ որպես հոգեկան հիվանդ:
...հաշվի առնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին| ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջները՝ Ձեր անվամբ տրված MG X վարորդական վկայականը համարվում է անվավեր/ուժը կորցրած/:
Հայցվոր X.X-ը դիմել է դատարան: Նրա ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ՀՀ ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում X.X-ի վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին գրառումն իրավաչափ չէ, այն խախտում է X.X-ի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի և խտրականությունից զերծ լինելու իրավունքները: Տվյալ իրավիճակում խտրականություն է դրսևորվել թե՛ օրենքում, թե՛ իրավակիրառողի կողմից:
Վարչական մարմինը պարտավոր էր որպես իրավակիրառող հաշվի առնել ՀՀ Սահմանադրության և միջազգային ակտերի՝ խտրականությունն արգելող դրույթները և չկիրառել հակասության փաստի ուժով չգործող իրավական նորմը:
Հիմք ընդունելով վերոհիշյալը, վարչական դատարանը վճռել է.
X.X-ի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում հայցվորի թիվ MG X վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին XX.XX.XXթ. գրառումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել. անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՀՀ ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում հայցվորի թիվ MG X վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին XX.XX.XXթ. գրառումը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Ե. Կարապետյանի և XX.XX.XXթ. թիվ X գրությունը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ X.X-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: