«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-28 Չեխիայում մասնակցեցին տեղի Պորադնա կազմակերպության կողմից անցկացվող «Խտրականության դեպքերի իրավիճակային դիտարկում» աշխատանքային հանդիպմանը: Ըստ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի` այցի նպատակը Չեխիայում մարդու իրավունքների, խտրականության և ատելության դեմ պայքարում ներգրավված ՔՀԿ-ների և ՄԻՊ-ի աշխատանքը ուսումնասիրելն ու խտրականության դեպքերի փաստագրում կատարել էր՝ հետագայում այս փորձի օրինակով Հայաստանում ևս խտրականության դեպքերի փաստագրում անցկացնելու համար:
«Պորադնա կազմակերպությունը ծավալում է իրավապաշտպան գործունեություն՝ մասնավորապես աշխատելով Չեխիայում խտրականության կանխարգելման ուղղությամբ»,- ընդգծում է ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ հավելելով, որ այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ Պրահա քաղաքում գործող մի շարք ոլորտային ՔՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև Չեխիայի ՄԻՊ-ի հավասար վերաբերմունքի վարչության պետ Պյոտր Պոլակի հետ:
Վերջինները ՆՍՀԿ անդամներին ներկայացրել են Չեխիայում խտրականության և ատելության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունը, պաշտպանության մեխանիզմները, պետական ու քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցության շրջանակները։
«Ձեռք բերվեց համատեղ փոխանակման ծրագրեր իրականացնելու համաձայնություն»,-ասում է Սերգեյ Գաբրիելյանը և ընդգծում, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ունի բազմամյա համագործակցության փորձ Հայաստանում Չեխիայի դեսպանատան հետ, իսկ Պորադնա կազմակերպության հետ համագործակցում է 2018 թ.-ի հունիսից` «Ինչպես գտնել ուղին» ծրագրի շրջանակներում։
«Այս հանդիպումը համարում ենք հաջողված և արդյունավետ, քանզի այն միտված է խտրականության կանխարգելման գաղափարին: Իսկ տվյալ ժամանակաշրջանում ՀՀ-ի համար սա ամենահրատապ և արդիական թեման է, և չեխական կողմի հետ համագործակցությունը լինելու է շարունակական: 2018թ.-ին կրկին նախատեսվում է Պորադնա կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ժամանակ կամփոփենք ծրագրի արդյունքները և կքննարկենք 2019թ.-ի համատեղ ծրագրերը, որոնք, ամենայն հավանականությամբ, միտված կլինեն երկու երկրների իրավապաշտպանների և ՄԻՊ-երի փորձի փոխանակմանը»,-եզրափակեց ՆՍՀԿ նախագահը:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել է չեխական Poradna pro občanství, občanská a lidská práva կազմակերպության կողմից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հետ համատեղ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անցումային առաջխաղացման ծրագրի» շրջանակներում: