infongngo@gmail.com
+374 60 478989

Ցավում եմ, որ Հայաստանում շարունակվում են ատելության հիմքով բռնությունները

04 August, 2018

Ցավում եմ, որ Հայաստանում շարունակվում են ատելության հիմքով բռնությունները։

Սերգեյ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆՍՀԿ նախագահ

Դեռ երեկ էր, որ բոլորս միասնական պայքարում էինք հանուն թավշյա հեղափոխության՝ չտարբերակելով պայքարողներին ըստ սեռի, ռասայի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ այլ հատկանիշների։ Պայքարում էինք՝ ԱԶԱՏ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ երկիր ունենալու համար, իսկ այսօր, կարծես, դեռ ոչինչ չի փոխվել, դեռ նախորդ իշխանության ժամանակ գործածված քարոզչամեքենայի ուժը ընդդեմ հասարակությունում իրենցից տարբերվող անձանց ատելու ու բռնության ենթարկելու կիրարկվում է, ինչի հերթական ականատեսը եղանք 2018թ․-ի օգոստոսի 3-ին, երբ Շուռնուխ գյուղում մի խումբ անձիք հարձակում գործեցին և բռնություն կիրառեցին 9 երիտասարդների նկատմամբ։

Այնուամենայնիվ հույս եմ հայտնում, որ ՕՐԵՆՔԸ շուտով կգերակայի, ու կլինեն արդար դատավճիռներ․ բռնարարները կկրեն իրենց արժանի պատիժները, իսկ անմեղները կարդարացվեն։ Մարդիկ կհասկանան, որ երկիրը իմը կամ քոնը չէ, ուստի Հայաստանում իրավունք ունեն ապրելու բոլորը, ովքեր հավասար են օրենքի առաջ։ Մենք էլ շարունակում ենք մեր ներուժը կիրառել հանուն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կիրարկման և հավասարության մշակույթի ձևավորման։

Այս առումով ցանկանում եմ հղում կատարել քաղաքացիական եվ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 6-ին և 9-ին՝ Հոդված 6․ 1. Ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքը պահպանվում է օրենքով: Հոդված 9․ 1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք:

Որպես եզրափակում կոչ եմ անում Նոր Հայաստանի նոր կառավարությանը իրականացնել պետության պոզիտիվ պարտավորությունները իր իսկ քաղաքացիների նկատմամբ՝ բացառելով խտրականությունը, և մեջբերում եմ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի կոչը․

«Պետությունները պետք է պաշտպանեն բոլոր անձանց խոշտանգումներից, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքությունից»։

 

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ