infongngo@gmail.com
+374 60 478989

Ատելության հիմքով հանցագործությունների արդար եվ արդյունավետ քննություն

05 April, 2018

Պահանջում ենք ատելության հիմքով հանցագործությունների արդար և արդյունավետ քննություն

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում սեռական կողմնորշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։

Մեկ ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով երկու աղմկահարույց հանցագործություն, որի արդյունքում տուժողները ստացել են մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 27-ին իր բնակարանում ծեծել էին տրանսգենդեր անձի, ապա այրվել էր վերջինիս տունը։ Արդյունքում տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և դեպքից միայն 4 օր անց գիտակցության եկել։

Ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Կոնգրես հյուրանոցի մոտ, 35-ամյա տղամարդը դանակահարել է 15-ամյա տղայի՝ համարելով, որ նա նույնասեռական է։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց՝ «Կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ։

Երկու դեպքում էլ մեղադրվող անձինք Հայաստանից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։

Այս հանցագործությունները իրավապահ մարմինների անտարբերության, պետական պաշտոնյաների ատելության քարոզի և դատական համակարգի կամայական որոշումների հետևանքներն են, որի պատճառով ատելությամբ լցված Հայաստանի որոշ քաղաքացիներ կարծում են, թե լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և նրանց հետ ասոցացվող անձանց նկատմամբ վարքն օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է, և կարող են վարվել այնպես, ինչպես իրենց երևակայությունն է թելադրում, ու մնալ առանց պատժի։

Ավելին, ոստիկանությանը բազմիցս ներկայացվել են դիմումներ սոցիալական մեդիայում ԼԳԲՏ անձանց սպանելու կոչերի ու ցանկությունների վերաբերյալ, նրանց հասցեին ուղղված սպառնալիքներն ու կատարված հանցագործությունների մասին վկայող գրառումներ։ Այդուհանդերձ, բոլոր ներկայացված դիմումները մնացել են առանց քննության՝ հանցակազմի բացակայության կամ տուժող չհայտնաբերելու պատճառաբանություններով։

Սոցիալական մեդիայի այդ գրառումներում երևում է ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործություններ կատարելու ցանկությունները, իսկ հանցագործություն կատարածներին հերոսացնում են, ինչն ապացույցն է այն բանի, որ ատելության քարոզը, պետության անգործությունը վտանգում են ԼԳԲՏ և նրանց հետ ասոցացվող քաղաքացիների կյանքը մեր երկրում։

Ուստի մենք ՀՀ իրավապահ մարմիններից  պահանջում ենք՝

  • իրականացնել գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ առաջնորդվելով օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով եւ ապահովելու համար յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը,
  • մեղավորներին ենթարկել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով,
  • ներդնել եւ վարել պատշաճ վիճակագրություն՝ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ,
  • ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխարգելելու համար սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները,
  • հետամուտ լինել ատելություն եւ թշնամանք սերմանող խոսքի բացառմանը։

 

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

 «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»​ իրավապաշտպան ՀԿ

«Բեկում» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Երեւանի մամուլի ակումբ

Հյուման ռայթս հաուս Երեւան

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Քալրֆուլ Հաուս»սոցիալ-մշակութային  և իրավապաշտպան ՀԿ