ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ
Հայաստան Հանրապետություն, ք․Երևան Հոկտեմբերի 11, 2018
2018թ.-ի հոկտեմբերի 11-ի առավոտյան ժամը 07։25-ին hraparak.am կայքում հրապարակված նյութի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ուղղակիորեն և բացահայտ կերպով սպառնում է բռնություն կիրառել ու փոքրամասնությունների ներկայացուցիչներին վռնդել Հայաստանից։
Նախկին պատգամավորը․
Հատուկ շեշտադրմամբ հորդորել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին հրաժարվել ԼԳԲՏ քրիստոնյաների Ֆորումին աջակցություն տրամադրելու մտքից,
Սպառնացել է, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի վիճակը շատ տխուր է լինելու,
Սպառնացել է բռնություն կիրառել ու փոքրամասնությունների ներկայացուցիչներին վռնդել Հայաստանից,
Նշել է, որ համախմբելու են ազգային գաղափարախոսության ջատագով այլ ՀԿ-ների «հակահարվածի» համար։
Վերջինս իր պահվածքով և արտահայտություններով մարդկանց հրահրում է բռնության և ատելության հիմքով հանցագործությունների։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ստեղծված իրավիճակը գնահատում է ծայրահեղ վտանգավոր իր աշխատակիցների և առհասարակ Հայաստանի Հանրապետության համար, քանզի որոշ անձինք բացահայտ կերպով սպառնում են բռնության ենթարկել այլ անձանց, ելնելով վերջիններիս այս կամ այն հատկանիշից։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ,
որ Արագած Ախոյանի արտահայտությունները պարունակում են ինչպես հանցագործության տարրեր, այնպես էլ վիրավորանքներ և ապատեղեկատվություն։
ԿՈՉ է ԱՆՈՒՄ
ՀՀ ոստիկանությանը․
Սույն հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, տալ համապատասխան իրավական ընթացք՝ նոր հանցագործությունները կանխելու, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակազմի, տարածքի, ինչպես նաև ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։
ՀՀ Դիվանագիտական մարմիններին և Միջազգային կազմակերպություններին.
Ի գիտություն ընդունել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի սույն հայտարարությունը և դիտարկման առարկա դարձնել ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց և դրանց պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների և իրավապաշտպանների դեմ տարվող քարոզներն ու ատելության կոչերը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է ցանկացած քաղաքացիական ակտիվություն, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում և չի ոտնահարում այլոց իրավունքները։