ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետություն
Ք․ Երևան 30․03․2020թ․
Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեցին մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքները սահմանափակող օրինագծերը։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դատապարտում է մարդու իրավունքները կոպտորեն խախտող այս օրինագծերի ընդունումը և գտնում է, որ դրանցում առաջարկվող սահմանափակումները իրավաչափ չեն և ոտնահարում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքները։
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործելակերպերի, նույնիսկ օրինական ճանապարհով ստացված տվյալները կարող են օգտագործվել այն նպատակների համար, որոնք տարբերվում են դրանց սկզբնական հավաքագրման նպատակներից։ Նույնիսկ կարծելով, թե անաչառորեն է գործում, տվյալների վերահսկիչը, կարող է խախտել նշված սկզբունքը։ Նույնիսկ օրինական ճանապարհով հավաքված տվյալները չպետք է ավելին լինեն, քան պահանջվում է։
Մարդու անձնական կյանքի նկատմամբ ոտնձգությունները բացառելու և իրավունքների ոտնահարման դեպքերից զերծ մնալու նպատակով, մինչև նախագծերի ընդունումն անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչքանո՞վ է հնարավոր հեռախոսազանգերի վերծանման արդյունքում պարզել մարդկանց միջև ֆիզիկական կոնտակտի առկայությունը, ի՞նչ միջոցներով են բոլորին ապահովելու «սմարթֆոններով», ի՞նչ երաշխիքներ են նախատեսվում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մարդկանց անձնական տվյալների ամբողջական ոչնչացման համար և այլն։
Նշենք, որ ներկայումս վերոնշյալ տվյալների հասանելիությունը հնարավոր է բացառապես դատարանի որոշմամբ։
ՀԻՇԵՑՈՒՄ
Այսօր՝ 30․03․2020թ․-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց (կողմ՝ 57, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։
Այս փաթեթով նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքար մղել կորոնավիրուսի դեմ։ Մասնավորապես, նախատեսված է սմարթֆոնների միջոցով պարզել քաղաքացիների գտնվելու վայրը, հետևելու նրանց տեղաշարժին և առողջական վիճակին, պարզել կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը։
Մասնավորապես, նախատեսվում են հետևյալ սահմանափակումները․
1. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձևով և կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել.
1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).
2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:
2. Տվյալներ մշակողները («Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա) ստացվող տվյալների հետ համադրման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ձևով և կարգով կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներից պահանջել, իսկ վերջիններս պարտավոր են տրամադրել տվյալներ համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում. բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ: