infongngo@gmail.com
+374 60 478989

Անվճար բուժօգնություն սոցիալապես անապահով շահառուին

28 December, 2018

11.12.2018թ.-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ էր դիմել ՀՀ քաղաքացի Ս․ Սարգսյանը։

Վերջինս ունի առողջական խնդիրներ՝ արգանդի բազմահանգույց միոմա և զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճանի, բարձր ռիսկայնության, որի վերաբերյալ առկա է «Սեբաստիա» բժշկական կենտրոն ՍՊԸ ծննդատան կողմից տրված ուլտրաձայնային հետազոտության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր։

Բժիշկները նկատելով Ս․ Սարգսյանի առողջական վիճակի ու ինքնազգացողության հաճախակի վատթարացումները, հորդորել են շտապ կատարել համապատասխան վիրահատություն։

Հայաստանում նշված վիրահատության արժեքը կազմում է մոտ 250.000-ից 500.000 ՀՀ դրամ։

Ս. Սարգսյանը սոցիալապես անապահով է, մինչև երեխայի չափահաս դառնալը տարիներ շարունակ ընդգրկված է եղել նպաստ համակարգում, սակայն այժմ դուրս է մնացել այդ համակարգից։

Ս. Սարգսյանը միայնակ մայր է, դստեր հետ ապրում է վարձակալած բնակարանում, իսկ  դուստրը սովորում է ՀՀ ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում։

Վարձավճարն ու ապրուստը հոգում է ամսվա ընթացքում մի քանի օր բնակարանների մաքրության աշխատանքներ կատարելով։

Վերջինս չունի բավարար եկամուտ և կայուն աշխատանք։

Հաշվի առնելով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ Ս. Սարգսյանի առողջության խնդրով ներկայացրած գրավոր դիմումը, ինչպես նաև Ս․ Սարգսյանի սոցիալական ծանր վիճակը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն դիմումներ է ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարություն և Երևանի քաղաքապետարան։

Արձագանքը չի ուշացել և 24.12.2018թ.-ին Երևանի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը ամբողջությամբ բավարարելով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի դիմումը Ս. Սարգսյանին է հանձնել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման» ուղեգիր։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին արդյունավետ համագործակցության և ՆՍՀԿ-ի սոցիալական աջակցության ծրագրին նպաստելու համար։