infongngo@gmail.com
+374 60 478989

ԼԳԲՏ թեման Հայաստանում չափազանց քաղաքականացված է. Արման Սահակյան

03 September, 2018

Հայաստանում կայանալիք «ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումի» մասին լուրերի տարածումից հետո մամուլն ու սոցցանցերն ակտիվորեն սկսեցին քննարկել լուրը՝ դատապարտելով գաղափարը և կազմակերպիչներին:

«Մենք, որպես Հայաստանում «ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը» հյուրընկալող կողմ, հասարակության կողմից ենթարկվում ենք արդեն սովորական դարձած ճնշումների»,- ռուսական parniplus.com կայքին տված հարցազրույցում ընդգծում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի մի շարք նախագծերի համակարգող Արման Սահակյանը:

«Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները, որի արդյունքում կընտրվի նոր քաղաքապետ: Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և 4 դաշինք: Նոր իշխանություններին դեմ քաղաքական ուժերը սկսել են հոմոֆոբ հռետորաբանությունն ակտիվորեն կիրառել՝ ի շահ իրենց քաղաքական նպատակների:

Մենք հույս ունենք, որ նոր իշխանություններն ու ընտրողները չեն շարունակի նախկին կառավարության ժամանակներին բնորոշ հոմոֆոբ հռետորաբանությունը. չէ՞ որ քաղաքական յուրաքանչյուր մանիպուլյացիայի հետևում մարդկային կյանքեր են»:

Հրապարակման մեջ անդրադարձ կա Ա.Սահակյանի՝ դեռևս գարնանը  Nuntiare et Recreare-ին տված հարցազրույցին, որտեղ նշել էր.

«Մենք կանխատեսում ենք, որ ֆորումը կանցնի բարձր մակարդակով և արդյունավետ կլինի: Որովհետև Եվրոպայում ապրող և այնտեղ նմանատիպ ֆորումներ կազմակերպող մարդիկ պետք է հասկանան, թե ինչ խնդիրներ կան ԼԳԲՏ՝ Եվրոպայից դուրս ապրող համայնքներում, ինչպես է կրոնը ազդում ԼԳԲՏ անձանց կյանքի որակի վրա: Եվ իհարկե, մենք իրավիճակը բարելավելու համար համագործակցության կամուրջներ կգտնենք:

Նա հույս է հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցու,  ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և իրավապաշտպանների միջև երկխոսություն կլինի՝  ընդհանուր հայտարարի գալու և մարդկանց խտրականության չենթարկելու շուրջ:

«Ստիպված եմ ճշմարտությունն ասել. ԼԳԲՏ թեման Հայաստանում շատ քաղաքականացված է: Այս հապավումը հիմնականում արտաբերվում է ոչ թե իրավունքի տեսանկյունից և այն կոնտեքստում, որ ԼԳԲՏ անձինք նույնպես մեր հասարակության անդամներն են, այլ՝ քաղաքական, և համայնքը օգտագործվում է  քաղաքական նպատակներով»,- ընդգծում է Սահակյանը:

Նրա կարծիքով պատճառը պետական մակարդակով արվող պրոռուսական ուժեղ քարոզչությունն է.

«Խոսվում է այն մասին, որ Եվրոպան ու Ամերիկան շատ վատն են: Լուրեր են տարածում, որ Եվրոպան ավանդական հայկական ընտանիքները կազմալուծելու, անկախության թուլացման և ծնելիության մակարդակի նվազեցման  քարոզչություն է անում»,-եզրափակում է  նա: