infongngo@gmail.com
+374 60 478989

ՄԻԱՎ-ի կանխարգելումը, խնամքն ու աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում

01 October, 2019

2019 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը, խնամքն ու աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» կլոր սեղան քննարկումը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Հանուն հզոր ապագայի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի և Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսավորմամբ՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերի հաշվին։

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ,փաստաբաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ,  ակտիվիստներ և համայնքի ներկայացուցիչներ։

Քննարկման սկզբում բացման խոսքով ելույթ ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց, որ կազմակերպությունը շատ է կարևորում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի իրականացումը Հայաստանում և ջատագովում է դրանց շարունակականության ապահովումը։

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան օտարերկրյա դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ մեծ պատիվ է ներկա գտնվել նման հանդիպմանը, տեսնել ընկերներ, ծանոթ դեմքեր։ Նա իր խոսքը ավարտեց այն մտքով, որ ՄԻԱՎ-ի կանխարգելումը միայն առողջապահական խնդիր չէ, այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին, կայուն զարգացմանը, կրթական մակարդակին։

ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ողջույնի խոսք հղեց նախարարության անունից՝ նշելով, որ շատ է կարևորում պետական սեկտորի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը, առանց որի հնարավոր չէ հասնել ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերում ներկայացված ամբիցիոզ նպատակներին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի գործադիր տնօրեն Վիտալի Ջուման։ Նա ուրախությամբ նշեց, որ տարածաշրջանում Հայաստանը ՄԻԱՎ-ի տարածման առումով համեմատաբար լավ վիճակում է, քան, օրինակ, հարևան Վրաստանը։ Պարոն Ջումային նաև հաճելի էր հանդիպմանը տեսնել բոլոր շահագրգիռ կողմերին,  դիվանագիտական և պետական մարմիններին, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցերի խմբերի և նրանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-երի ներկայացուցիչներին։ Նա ավարտեց իր ելույթը հետևյալ մտքով․ «Միասին մենք ավելի ուժեղ ենք, միայնակ ոչ մեկը չի կարող»։

Ողջույնի խոսքերից հետո հրավիրված խոսնակները անդրադարձան Գլոբալ հիմնադրամի և Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերին, Հայաստանում ՄՀՀ աշխատանքին, որոշումների կայացման գործընթացում համայնքահեն կազմակերպությունների և համայնքների ներգրավմանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում համագործակցության ուղիներին և մարտահրավերներին, ՄԻԱՎ-ի կանխարգելման պետական դրամաշնորհային ծրագրերին, առողջապահական ոլորտում խարանին և խտրականությանը:

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում իրականացվող  ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադ վերլուծությունը, որը դեռ գտնվում է մշակման փուլում, իսկ ավարտից հետո կկազմակերպվի աշխատանքային հանդիպում դրա վերջնական քննարկման ու ներկայացման համար։ Ներկայացվեցին նաև «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում մշակված «ՔՀԿ-ների ֆինանսական աղբյուրների կարգավորող ազգային օրենսդրության վերլուծությունը» և «Համայնքից համայնքի համար» ծրագրի շրջանակներում մշակված համապարփակ զեկույցը։

Հայաստանում ՄՀՀ աշխատանքի վերաբերյալ քննարկումների ընթացքում ԵԿՈՄ-ի խորհրդի անդամ Սվիտոսլավ Շերեմետը նշեց, որ համայնքի ձայնը պետք է անձամբ և անմիջապես լսելի լինի որոշումների կայացման գործընթացում, ինչը հնարավորություն կտա համայնքին իր խոսքը ուղղակիորեն հասցնել պետական գործիչներին և այլ շահագրգիռ կողմերին, վերջիններս էլ հնարավորություն կունենան առաջին աղբյուրից տեղեկանալ համայնքի խնդիրներին։

Քննարկվեցին նաև ոլորտային առողջապահական և օրենսդրական խնդիրները և դրանց հնարավոր լուծման ուղիները։

Քննարկման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն հնչեցված բոլոր առաջարկությունները հավաքագրելու, խմբագրելու և պետական ու միջազգային կառույցներին ներկայացնելու վերաբերյալ։

Կլոր սեղան քննարկմանը ուղեկցում էր նաև «Հետապնդիր խարանը, ոչ թե մարդկանց» մեդիա արշավը, որի հայաստանյան ազգային նշանաբանն է՝ լսելի դարձնենք համայնքի ձայնը։ Հանդիպման մասնակիցները և հյուրերը հնարավորություն ունեցան իրենց համերաշխությունը հայտնել արշավին՝ նկարվելով արշավի նպատակները արտահայտող պաստառի մոտ։ Արշավին միացած հյուրերը որպես խորհրդանշական նվերներ ստացան արշավի լոգոյով և կարգախոսով բաժակներ։

Լուսանկարները կարող եք դիտել կամ ներբեռնել ԱՅՍՏԵՂ