ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել է, որ նույնասեռական անձանց համար նախատեսված սնունդը շարունակվում է մատուցվել առանձին տարաներով։
Այցելության պահին սնունդ տեղափոխող սայլակի ներքևի հատվածում մեկանգամյա օգտագորման տարաներում արձանագրվել է 3 բաժին սնունդ։
Դիտորդների կողմից արձանագրված փաստը լրացուցիչ անգամ հավաստում է, որ քրեակատարողական հիմնարկներում դեռևս առկա է խոցելի խմբերի նկատմամբ տարբերակվող վերաբերմունքը և խտրականությունը, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում՝ անգամ սնունդ բաժանելիս։
Նույնասեռական անձանց նկատմամբ խտրականության դրսևորումներին Խումբը պարբերաբար անդրադարձել է տարեկան զեկույցներում և ընթացիկ հաշվետվություններում։
Հաշվի առնելով հերթական այցելության ժամանակ արձանագրված դեպքը՝ Խումբը թիվ 20-14 ընթացիկ հաշվետվությամբ կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ ներկայացնելով պարզված հանգամանքները և համապատասխան առաջարկությունները։
Մասնավորապես, Խումբը հղում է կատարել ՀՀ կառավարության և ՀՀ արդարադատության նախարարության՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու քաղաքական կամքին՝ նշելով, որ խտրականության նման դրսևորումը անընդունելի է, մանավանդ որ սնունդը «Արմավիր» ՔԿՀ-ում պատրաստվում է մասնավոր կազմակերպության կողմից։
Ըստ այդմ, Խումբը առաջարկում է գործողություններ ձեռնարկել քրեական ենթամշակույթի ազդեցությունը և տարբերակված մոտեցումը քրեակատարողական հիմնարկներում վերացնելու ուղղությամբ։
Բարձրացված հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան մեկնաբանության մեջ մասնավորապես նշում է, որ սննդի բաժանման գործընթացը կազմակերպելիս այն դեպքում, երբ դատապարտյալները խցում չեն, օրինակ, չվարձատրվող աշխատանքների, փաստաբանական, քննչական կամ բժշկական գործողությունների մասնակցելու պատճառով, իրենց ցանկությամբ իրենց սննդի բաժինները նախապես լցվում են առանձին տարաների մեջ և դրվում կերակրադռնակների վրա, որպեսզի աշխատանքից հետո կարողանան օգտվել հասանելիք սննդից։
Նախարարության պարզաբանմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ազդեցության դրսևորումների, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը մշտապես գտնվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Այս համատեքստում քրեակատարողական հիմնարկների երկարատև տեսակցության սենյակներում իրականացվում են վերանոնոգման և հարդարման աշխատանքներ, որոնք միտված են ապահովելու միատեսակ բարվոք պայմաններ՝ անխտիր բոլոր կալանավորված անձանց և դատապարտյալերի, ինչպես նաև նրանց տեսակցելու եկած հարազատների համար։
Բացի այդ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց ֆինանսական միջոցների հաշվին վերջիններիս պահման պայմանների բարելավման, մասնավորապես՝ խցերի վերանորոգման պրակտիկան հետզհետե բացառելու նպատակով, ինչը նույնպես կարևոր գործընթաց է ազատությունից զրկված անձանց պահման պայմանների միատեսակության ապահովման, ինչպես նաև տարբերակված կամ խտրական վերաբերմունքի բացառման տեսանկյունից։