«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) և «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի (ԲԵԽ) համագործակցության շնորհիվ 2019թ-ից սկսած Հայաստանի և Գերմանիայի երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակման ծրագերի և վերապատրաստվելու, որպես երիտասարդական աշխատող, - ասում է ՆՍՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որը գլխավորում էր կազմակերպության՝ «Բավարիայի երիտասարդական խորհուրդ»-ի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած պատվիրակությունը։
Այցի գլխավոր նպատակը ՆՍՀԿ-ի և ԲԵԽ-ի նախագահների կողմից երիտասարդների և երիտասարդական ՔՀԿ-ների փորձի փոխանակման և զարգացման վերաբերյալ Հուշագրի ստորագրումն էր։
«Մրցութային կարգով ընտրված երիտասարդները կմասնակցեն համապատասխան դասընթացների, կծանոթանան Գերմանիայում գործող երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կառույցների գործունեությանը։
Այս ամենը կզուգորդվի մշակութային-ճանաչողական այցերով ինչպես Հայստանի այնպես էլ Գերմանիայի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու նպատակով,-ասում է Սերգեյ Գաբրիելյանը։
«Այցի շրջանակներում այցելեցինք նաև ԲԵԽ-ի մյունխենյան գրասենյակ, ինչպես նաև հանդիպումներ ունեցանք վերջինիս կազմում գործող մի շարք երիտասարդական կազմակերպությունների հետ»,-հավելում է ՆՍՀԿ-ի իրավաբան Անահիտ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչների համար այցի շրջանակներում կազմակերպվեցին նաև բազմաթիվ մշակութային-ճանաչողական այցեր, որոնցից էին` թագավոր Լյուդվիգ 2-րդի ամրոցը (Նոյշվանշտայն) և Դախաոյում գտնվող հիտլերյան համակենտրոնացման ճամբարը, որտեղ պահվել և սպանվել են մարդիկ՝ ելնելով նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, սեռական կողմնորոշումից և այլ հատկանիշներից:
Հոկտեմբերի 17-24-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչների այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարվել է Բավարիայի երիտասարդական խորհրդի ֆինանսական աջակցությամբ: