Ամեն տարի մայիսի 17-ն աշխարհում նշվում է՝ որպես հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն յուրաքանչյուր տարի անդրադարձ է կատարում օրվա խորհրդին և կազմակերպում միջոցառումներ՝ ակցիաների, քննարկումների և ասուլիսների տեսքով՝ ԼԳԲՏԻ մարդկանց հիմնախնդիրների վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով։
Այս տարի՝ մայիսի 17-ին, միջոցառումն անցկացվեց փակ քննարկման ձևաչափով` հաշվի առնելով վերջին ամիսներին Հայաստանում առկա խտրականության դրսևորման բարձր աստիճանը, ԼԳԲՏԻ անձանց և նրանց աջակիցների դեմ բողոքի ցույցերը, հնչող սպառնալիքներն ու բռնության կոչերը։
Փակ քննարկման թեման էր՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը խտրականության կանխարգելման համատեքստում»:
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ՀՀ գերատեսչությունների, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, փաստաբաններ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։
Քննարկման սկզբում բացման խոսքով ելույթ ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան օտարերկրյա դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, ովքեր վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` հնարավորինս օգնելու, որպեսզի Հայաստանում խարանը և խտրականությունը դուրս մղվեն հասարակությունից:
Հրավիրված խոսնակները անդրադարձան վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դրսևորումներին, մասնավորապես՝ 2018թ․-ին Հայաստանում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյա խմբերի տարեկան ֆորումի անցկացման առնչությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի հանդեպ բարձրացված անհանդուրժողականությանը, ատելության ու բռնության կոչերին, ատելություն սերմանող հանրային միջոցառումներին, 2019թ.-ի ապրիլ ամսին ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջ հանդեպ ատելության խոսքերին, սպառնալիքներին, Շուռնուխ գյուղում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ կատարված հարձակմանը և ԼԳԲՏԻ անձանց հետ կապված քրեական գործերի ընթացքին:
Քննարկվեցին նաև ոլորտային առողջապահական և օրենսդրական խնդիրները և դրանց հնարավոր լուծման ուղիները։
Քննարկման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն հնչեցված բոլոր առաջարկությունները հավաքագրելու, խմբագրելու և պետական ու միջազգային կառույցներին ներկայացնելու վերաբերյալ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի խնդրանքով մայիսի 21-ին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատունը բարձրացրեց բազմազանության դրոշը՝ ի նշան համերաշխության և ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանության։
Քննարկմանը մասնակցություն չի ապահովել ՀՀ Արդարադատության նախարարությունը, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հրաժարվել է մասնակցությունից քննարկումից 30 րոպե առաջ։
Նախարարությունների կողմից նման արձագանքը շատ ցավալի է, քանի որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր լուծումներ գտնել առկա հիմնախնդրի կարգավորման համար:
1990թ․-ի մայիսի 17-ին նույնասեռականությունը հանվեց ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգչի հոգեկան խանգարումների ցանկից։ Ահա թե ինչու է մայիսի 17-ը նշվում որպես հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: Այժմ՝ 29 տարի անց, աշխարհի շատ պետություններ կատարելագործել են հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի մեխանիզմները և ստեղծել են անվտանգ, ատելությունից ու բռնությունից զերծ միջավայր ԼԳԲՏԻ անձանց համար:
Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ անհանդուրժողականությունը, ատելությունն ու բռնությունը շարունակում են մնալ լուրջ հրամայական ինչպես մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, իրավապաշտպանների ու ակտիվիստների, այնպես էլ ՀՀ կառավարության և հասարակության համար:
ԼԳԲՏԻ անձինք ենթարկվում են խտրականության ամենուր և տարբեր կազմակերպությունների, անհատների և քաղաքական գործիչների համար դառնում շահարկումների, հասարակության մեջ դժգոհություններ առաջացնելու, հասարակությանը բաժանելու և Եվրապական ու Արևմտյան արժեքների դեմ հակաքարոզի առիթ:
Հանդիպում-քննարկումն իրականացվել է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Գործընկերներ