LGBTnews.am-ը ,«Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության տնօրեն Արման Սահակյանի հետ զրուցել է Հայաստանում ԼԳԲՏ քրիստոնյաների՝ այսօր չեղարկված ֆորումի, ինչպես նաև երկրում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վիճակի վերաբերյալ։
-Ոստիկանապետ Օսիպյանի երեկվա հայտարարությունից հետո ձեր կազմակերպությունը հանրությանը հայտնեց, որ ստիպված է չեղարկել ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերին Հայաստանում։ Ես ճի՞շտ եմ հիշում, որ ֆորումի անցկացման մտադրության մասին դուք մեդիայով հայտնել էիք դեռևս մինչ իշխանափոխությունը։
-Դեռևս մինչ հեղափոխությունը հարցազրույց էր եղել, որի մասին նյութ էր պատրաստել ռուսական կայքերից մեկը։ Այն մասին էր, որ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը, որ անցկացվում է ամեն տարի, այս տարի թվով 11֊րդը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Քանի որ ֆորումի ընթացքում հրապարակային միջոցառումների անցկացում նախատեսված չի եղել, հատուկ խնդիր էլ դրված չի եղել դրա անցկացման մասին իրազեկելու հանրությանը, ընդամենը հարցազրույցի ընթացքում խոսվել է նաև այդ մասին։
Մտածում էինք՝ իրեն քրիստոնեական առաջին պետություն հռչակած Հայաստանը սիրով և համերաշխությամբ կհյուրընկալի այլ երկրներից ժամանող քրիստոնյա մարդկանց, նրանք կտեսնեն Հայաստանը, երկիրը ավելի ճանաչելի կլինի, ինչու չէ՝ նաև տուրիզմի առումով։ Այդ մարդիկ սովորական քրիստոնյա մարդիկ են, որ հետևելով աստվածաշնչյան պատվիրաններին, փորձում են ընդամենը բոլոր մարդկանց նկատմամբ սեր և հանդուրժողականություն տարածել՝ ընկալելով Աստվածաշունչն այնպես, ինչպես այն կա՝ ոչ թե որպես ատելության, այլ սիրո և համերաշխության գիրք։ Այդ միջոցառման խնդիրը բացարձակ չի եղել Աստվածաշնչի խմբագրումը կամ ներքաղաքական գործընթացներին խառնվելը, հրապարակային միջոցառումները, ինչպես հետագայում խեղաթյուրվեց և պրոպագանդվեց հատուկ ուղղորդված տարբեր խմբերի ու մեդիայի կողմից։
-Դեռևս իշխանափոխությունից առաջ հայտարարված ֆորումը մինչ որ պահից սկսած հանկարծ դարձավ ակտիվ թիրախ։ Ինչո՞ւ հանկարծ այդպես եղավ։
-Եթե ժամանակագրությանը նայենք, ապա կտեսնենք, որ ուղղորդված խմբերն իրենց հարձակումը սկսեցին քաղաքական այն լարված ժամանակահատվածում, երբ ակտիվորեն սկսվեց քննարկվել խորհրդարանը ցրելու գաղափարը, որը արագորեն վերածվեց հեղափոխական կառավարության և հին Ազգային ժողովի հակամարտության։
Այդ թեժ քաղաքական իրավիճակում կազմակերպված այս արշավից ակնհայտ էր, որ ուղղորդվող խմբերի, հետադիմական խմբակների շարժառիթը ներքաղաքական է․ ինչպես նախկինում բազմիցս՝ հերթական անգամ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը շահարկումների ու պրովոկացիաների առիթ փորձեցին դարձնել։ Ատելության այդ արշավի առաջին դիրքերում էին հանրային դեմքեր, գործող ու նախկին պատգամավորներ, ինչ֊որ կազմակերպություններ, անհատներ, որոնք սոցցանցերում, նաև ֆեյքերով ու էջերով, մամուլի միջոցներով, ասուլիսների ու անգամ թռուցիկներիմիջոցով ատելություն ու ապատեղեկատվություն էին տարածում։
Գրում էին՝ իբր գեյ շքերթ է կազմակերպվելու, ապատեղեկատվություն տարածվեց մասնակիցների քանակի մասին՝ իրական 50-ի փոխարեն ներկայացնում էին սկզբում 1500, ապա՝ 2000, իսկ հետո նաև 3000, ասում էին՝ իբր հավաքվում ենք՝ խմբագրելու Աստվածաշունչը, քանդելու հայկական ընտանիքը, եկեղեցին, պետությունը և այլ ստահոդ բաներ։ Ապա ցույց արին, հավաքվեցին մի քանի տասնյակ հոգով, ատելության քարոզչություն արին, տեսան, որ մարսվեց՝ անցան բացահայտ սպառնալիքների․ ԲՀԿ֊ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Հայաստանի քաղաքացիներին երկրից վռնդելու կոչեր արեց, նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ասուլիսի ժամանակ , սատկացնելու ց խոսեց, իսկ հարցազրույցներից մեկում սպառնաց ընդհուպ մինչև բռնություն կիրառել, և այս ամենին իրավապահները որևէ համարժեք արձագանք չտվին, թեև մենք նաև դիմել ենքոստիկանություն։
-Ուզում եմ հիշենք, որ կոնտեքստը ավելի լայն էր․ իշխանափոխությունից անմիջապես հետո ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների թեման դարձավ շահարկումների թեմա ոչ միայն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումիշրջանակներում․ Շուռնուխի պրովոկացիան, երբ ՀՀԿ֊ի հետ կապակցվածմարդիկ գյուղացիներին լարեցին գյուղում հյուրընկալված ակտիվիստների հանդեպ, ապա տարատեսակ այլ խժդժություններ, որ փորձեցինկազմակերպել, սևեռվեցին ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վրա, Շարմազանովն ու Ուրիխանյանը հոմոֆոբ օրինագծեր ներկայացրին ԱԺ․․․
-Այո՛, և այդ ողջ պրովոկատիվ արշավի արդյունքն այն էր, որ հանրության մի մասը սկսեց հավատալ, թե ԼԳԲՏԻ մարդիկ հասարակության և պետության համար ամենամեծ չարիքն են՝ մոռանալով կոռուպցիայի, նախորդ իշխանությունների հանցանքների և այլնի մասին, որ պետությանը ու հասարակությանը իրոք վնասող բաներն են։ Սա արվեց՝ հանրությանը շեղելու համար իրական քաղաքական օրակարգից։
-Իշխանությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այս ամենին արձագանքեց Ազգային ժողովում և հաջորդ օրը կառավարությունում ելույթով․․․
-Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏԻ մարդկանց փաստացի չդիտարկեց իբրև անքակտելի իրավունքներ ու ազատություններ ունեցող լիարժեք քաղաքացիներ, այլ ներկայացրեց որպես մի զանգված, որը գլխացավանք է, պրոբլեմ է, որի հետ ինչ֊որ մի բան է պետք անել, ինչ֊որ կերպ վարվել, և հարցեր ձևակերպելով հիտլերյան նացիստական փիլիսոփայության տրամաբանությամբ՝ առաջարկեց մտածել՝ վառե՞լ այդ մարդկանց, բանտե՞ր նետել սովետական օրենսդրության տրամաբանությամբ, տանկե՞ր քշել, միկերպ հանդուրժե՞լ։
Նոր անկախ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից առաջինն է, որ հրապարակավ անդրադարձել է ԼԳԲՏԻ մարդկանց, և ահա այսպես է անդրադարձել՝ մոռանալով, որ յուրաքանչյուր մարդ բարձրագույն արժեք է։ Նա ԼԳԲՏԻ մարդկանց չդիտարկեց իբրև մյուս քաղաքացիների պես հավասար իրավունքներ ու ազատություններ ունեցող մարդիկ և չանդրադարձավ այն դիտանկյունից, որ այդ մարդիկ ունեն սուր խնդիրներ, որոնց պետք է տալ լուծումներ, այլ անդրադարձավ այն դիտանկյունից, թե՝ լավ, ի՞նչ անել գլխացավանք դարձած այս զանգվածի հետ։ Այսինքն՝ ինչ֊որ ,իրենք պիտի նստեն ու որոշեն, թե ի՞նչ անել մի խումբ մարդկանց հետ, հնչեցված լուծումների տարբերակներն էլ՝ ուղղակի ապշեցուցիչ։
-Փաստորեն ի՞նչ է ստացվում․ ինչ֊որ խմբեր, հետապնդելով ինչ֊որ շահեր, կազմակերպում են հետևողական հոմոֆոբ արշավներ, այդ ողջ ընթացքում ԼԳԲՏԻ համայնքը, հականալով նրանց մտադրությունները, հետևողական չի տրվում սադրանքների, չի արձագանքում այդ արշավին, իսկ իրավապահ համակարգը համառորեն անտեսում է հակաիրավական կոչերն ուգործողությունները, պետության թիվ մեկ դեմքի արձագանքն էլ այս ամենին այնպիսին է, ինչպես նկարագրեցիք, և իրավապահների անգործությունն ու Փաշինյանի ելույթն, ըստ էության, կանաչ լույս չէ՞ր սադրիչների համար։ Փաշինյանի ելութից հետո նրանք արդեն անթաքույց սկսեցին մեքենաներով հետևել ձեր կազմակերպության անդամներին, և դուք ստիպված եղաք հայտարարելու, որ կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցնում է իր ակտիվ գործունեությունը․․․
-Մենք բազմիցս նամակներ ենք հղել ՀՀ կառավարությանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեղեկացրել ենք, որ Հայաստանում ծրագրվում է անցկացնել ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում, որ այդ ֆորումը փակ, ոչ հրապարակային միջոցառում է, որի ընթացքում նախատեսված չեն հանրային գործողություններ, բայց մեր բոլոր նամակները մնացել են անարձագանք։ Եվ ահա, երեկ ոստիկանապետ Օսիպյանի խայտառակ հայտարարությունն է հնչում, թե ֆորումը նպատակահարմար չէ անցկացնել, Հայաստանում այն տեղի չի ունենալու, ընդ որում՝ անվտանգության ռիսկերը ներկայացվում են որպես հավելյալ, ոչ թե հիմնական փաստարկ։
-Սերն ու համերաշխությունն, այսպիսով, ընտրողական է և խտրական․․․
-Այդպես է ստացվում։ Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր․ փորձ է արվում ներկայացնելու՝ իբր այդ հոմոֆոբ խմբերը հաղթեցին, իսկ մենք՝ պարտվեցինք։ Իրականում պարտվեց Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, գրանցվեց հետընթաց ժողովրդավարությանը հասնելուճանապարհին։ Բայց ուզում եմ շեշտել, որ այդ հետընթացը ժամանակավոր է, սերը, հանդուրժողականությունը, ազատությունը, հավասարությունը այլընտրանք չունեն և վաղ թե ուշ հաղթանակելու են։ Տեղի ունեցածի վերլուծության, փաստերի արձանագրման արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ դեռևս շատ անելիքներ կան իրական ժողովրդավարություն հաստատելու և բոլորի համար հավասարություն ապահովելու ուղղությամբ։
-Անելիքների մասին․ երկարաժամկետ առումով ի՞նչ գործողություններ եք նախատեսում իրականացնել այդ ուղղությամբ։
-Նախ և առաջ հասարակության հետ աշխատանքը՝ իրավագիտակցության ամրապնդման, տեղեկատվության տրամադրման, սահմանադրական իրավունքներին ծանոթացնելու ուղղությամբ, երկրորդ՝ հակաիրավական երևույթների փաստագրումը և դատաիրավական համակարգին, ինչպես նաև միջազգային գործընկերներին դրանց հետևողական ներկայացումը, դատական նախադեպերի ուղղությամբ աշխատանքը, երրորդ՝ իշխանության տարբեր օղակների հետ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ օրակարգի քննարկումը, չորրորդ՝ մեդիայի հետ աշխատանքը և այլն։
-Ձեր կազմակերպությունը գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել էր։ Այժմ արդեն վերսկսե՞լ եք։
-Մենք մեր գործունեությունը շարունակելու ենք բնականոն հունով, աշխատելու ենք բոլոր նշված ուղղություններով և վստահ ենք, որ հասնելու ենք իրապես ազատ, ժողովրդավար, հավասար, արդար պետություն ու հասարակություն ունենալուն։