2019թ. ապրիլի 05-ին 5-րդ ալիք/ 5 TV-ի «Դեմ Դիմաց» հաղորդման հերթական եթերում BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը արել է կեղծ հայտարարություն՝ պնդելով, որ «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն Կոտայքի մարզի դպրոցում ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել։
Հաջորդ օրը 06․04․2019թ․-ին «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարության տեսքով տեղադրել է «Հերքման պահանջ»՝ ուղղված Կոնստանտին Տեր-Նակալյանին։ 2019թ․-ի ապրիլի 12-ին «ԱԴԵԿՎԱԴ» անվամբ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել «Բոլոր գեյապաշտ, ադրբեջանամետ քայլառաստներից ներողություն ենք խնդրում» վերնագրով։ Նույն օրը՝ ժամեր անց Պատասխանողն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսահոլովակ «Ներողության հերթական փորձը Grigor Yeritsyanից» վերնագրով, որը նույնպես ինչպես նախորդ փորձը, իր էությամբ չէր կրում Հերքման բավարար հատկանիշներ։ Օրեր անց՝ 17․04․2019թ․-ին Կոնստանտին Տեր-Նակալյանը կրկին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Երիցս ներողություն, Grigor Yeritsyan... Ներողություն անձամբ իմ ու Artur Danielyanի կողմից» վերնագրով տեսահոլովակ, որում դիմում են Գրիգորի Երիցյանին ծաղրանքով ու վիրավորանքներով և նշում, որ առաջիկայում ևս դրսևորելու են նման վարքագիծ:
Վերը նշված շարունակական գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի գործարար համբավին։
Ստեղծված իրավիճակում վնաս կրած կազմակերպությանը իր աջակցությունն է հայտնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն և տրամադրել անվճար փաստաբանական ծառայություններ։
Գործում ներգրավվել է փաստաբան Անահիտ Մկրտչյանը։
Արդյունքում, 06.05.2019թ.-ին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի, 5-րդ ալիք/ <<ՇԱՐԿ>> ՍՊԸ-ի, Արթուր Դանիելյանի` զրպարտություն համարվող հայտարարությունը հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և որպես պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից պաշտպանվելու միջոց փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
28-08-2019թ․-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Տ. Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել գործով դատաքննությունը։ Դատաքննության ընթացքում Հայցվոր կողմը նշել է, որ ի թիվս այլ դրդապատճառների, Պատասխանողների վարքագծի հիմքում մեծապես ընկած է քաղաքական ենթատեքստն ու խտրականությունը։
Հերթական դատաքննությունը նշանակվել է 08-11-2019թ․-ին։
Փաստաբանական աջակցության տրամադրումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։