infongngo@gmail.com
+374 60 478989

Ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գրառմանը

19 September, 2018

2018թ.-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին կատարել է նույնասեռական անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ գրառում:

Սա առաջին անգամը չէ, որ Արա Զոհրաբյանը հանդես է գալիս նման հայտարարություններով և դրանք շատ հաճախ ուղեկցվում են վիրավորական արտահայտություններով:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հարկ ենք համարում հիշեցնել, որ խտրականության արգելքը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսգրքերով և ՀՀ օրենքներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք կոնվենցիաներով, Դաշնագրերով և համաձայնագրերով, որոնք վավերացվել են ՀՀ-ի կողմից:

 

Քիչ չեն նաև մեր երկրին տրված հանձնարարականներն ու առաջարկությունները, որոնք պետք է ի կատար ածվեն առաջիկա տարիների ընթացքում․

 

Ավստրիա- արգելել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը և ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը,

Ալբանիա- մարդու իրավունքների ոլորտում խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ծրագրերի և քաղաքականության մեջ մշակել գենդերազգայուն մոտեցում,

Արգենտինա- մշակել և ընդունել կանանց, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ համապատասխան օրենսդրություն,

Սլովենիա- Ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը խտրականությունից,

Ֆրանսիա- Խտրականության բոլոր ձևերի դեմ պայքար, այդ թվում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով,

Կանադա- ընդունել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերաբերյալ հստակ օրենսդրություն,

Չիլի- արդյունավետ միջոցներ ձեռնարկել` ապահովելու համար, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բոլոր ձևերի վերացումը,

Իսպանիա- փոքրամասնությունների նկատմամբ ատելության հրահրման քարոզչության դեմ պայքար, հատկապես ԼԳԲՏԻ անձանց, կրոնական փոքրամասնությունների, ՄԻԱՎ-ով ապրող և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ օրենսդրական փաթեթի ընդունում, այդ թվում պետական կառավարման ոլորտում,

Ուրուգվայ- համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԼԳԲՏԻ անձինք չենթարկվեն խտրականության ոչ միայն օրենքով, այլև գործնականում,

Ավստրալիա- պատկան մարմինների և իրավապահ մարմինների պատշաճ ուսուցում՝ ԼԳԲՏԻ մարդկանց դեմ հարձակումների մանրակրկիտ և օպերատիվ քննություն իրականացնելու համար):

 

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի արտահայտման ազատությունը, հավաքների ազատությունը և իրավական տեսակետ հայտնող յուրաքանչյուր անձ ՀՀ-ում պետք է առաջնորդվի օրենքի առջև ընդհանուր հավասարության, խտրականության արգելքի, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքներով, այլապես վերջիններիս արտահայտություններն ու գործողությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության:

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Արա Զոհրաբյանի գրառումը.

«ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ

1. Պետք է օրենքի մակարդակով արգելել երեխաների առողջությանը, լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը սպառնացող (այդ թվում՝ ոչ բնական սեռական հարաբերությունների վերաբերյալ) քարոզչությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Handyside v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրացնելու հարցերում՝ նշելով, որ առկա չեն համընդհանուր չափորոշիչներ արարքների բարոյականության որակման համար:

ՄԻԵԴ-ը նշել է, որ եթե անձնական կյանքի անձեռնմխելիության առումով անձն ունի լայն իրավունքներ, որոնք պետությունը չպետք է խախտի, այդ թվում՝ սեռական կողմնորոշման կապակցությամբ, ապա սեռական կողմնորոշման հարցերի հանրային քարոզչության և արտահայտման այլ ձևերի մասով պետությունն իրավունք ունի միջամտել՝ հանրային բարոյականության և այդ թվում երեխաների շահերից ելնելով:

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ չափահասների՝ սեռական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքն ստորադասվում է երեխաների բարոյական դաստիարակության ապահովման շահին:

Ընդ որում, նմանատիպ որոշում ունի նաև ԱՄՆ-ի գերագույն դատարանը United States v. Windsor գործով (2013թ.): 2. ...»: