infongngo@gmail.com
+374 60 478989

ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 June, 2018

2018 թ. հունիսի 22-ին տեղի ունեցավ «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկումը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության դրսևորումների, դրանց դեմ ուղղված իրավապաշտպան գործունեության և առողջության պահպանման վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Չեխիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պետր Միկիսկան, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վեթելանդը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և այլ պատվավոր հյուրեր, միջազգային և տեղական կառույցների ու կազմակերպությունների, ինչպես նաև ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիպում-քննարկման նպատակն էր պետական պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում բարձրացնել իրազեկությունը խտրականության դեպքերի, դրանից բխող հանցագործությունների և ոչ պատշաճ վերաբերմունքի, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման և առկա օրենսդրական բացերի լրացման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկությունների փաթեթ բարձրաձայնված խնդիրների լուծման համար:

Մինչև հանդիպման բուն քննարկմանն ու օրակարգին անցնելը բացման խոսքով հանդես եկան ՆՍՀԿ  նախագահն ու մի շարք հյուրեր:

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, պաշտոնատար անձանց, տարբեր խմբերի ներկայացուցիչներին՝ հանդիպմանը ներկա գտնվելու և համագործակցության պատրաստակամության համար:

Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան պարոն Պետր Միկիսկան շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ընդգծեց դեսպանության պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հետ՝ խտրականության դեմ ուղղված գործողությունների շրջանակներում, խոստացավ լինել իրադարձությունների կենտրոնում և նոր համագործակցությունների հույս հայտնեց:

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վեթելանդը նշեց, որ նոր է ժամանել Նորվեգիայից, որտեղ հենց այսօր մեկնարկել է ԼԳԲՏ+ փռայդը, և հույս հայտնեց, որ մի օր էլ Հայաստանում կլինի ազատություն և բազմակարծություն:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարևորեց բազմազանությունը՝ որպես բնականոն և ի սկզբանե տրված  հատկանիշ: Պարոն Սաքունցը նշեց նաև, որ ստեղծված նոր իրավիճակում շատ մեծ գործ կա անելու՝ սկսած կրթական հաստատություններից: Նշվեց նաև, որ նոր կառավարությունից հույսերը մեծ են , և բոլորս մեզ կարող ենք թույլ տալ ավելի օպտիմիստ լինել:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր խոսքում հատկապես շեշտեց այն միտքը, որ բոլորս ծնվել ենք հավասար և բոլորս հավասար իրավունքներ ունենք: Նա շեշտեց նաև երիտասարդության կրթության կարևորությունը հասարակության մեջ հակախտրականության և հանդուրժողականության հաստատման գործում:

Հանդիպման հիմնական մասում ՆՍՀԿ իրավաբանները, փաստաբանները և փորձագետները հանդես եկան զեկույցներով.

1. ԱնահիտՄկրտչյան - «Խտրականության դեպքերի համապարփակ զեկույց»

2. Արա Ղարագյոզյան - «Խտրականության հիմքով քրեական գործեր»

3. Մարո Խաչատուրյան- «Խտրականության հիմքով քաղաքացիական և վարչական ռազմավարական գործեր»

4. Հայկուհի Հարությունյան - «Գենդերային վերափոխության իրավական ճանաչման մասին» օրենքի նախագիծ, «ԳԲՏ անձանց արյան դոնորության սահմանափակումների վերացման մասին» նախագիծ

5. Ահարոն Բարսեղյան - «ՏՍՏ և տրանս անձանց համար ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ազգային ֆինանսավորման բացերի գնահատում»

6. Ալիկ Ուստյան - «ՏՍՏ անձանց համար ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադի վերաբերյալ ազգային զեկույց»

Զեկույցների համապատասխան հատվածներում երկու տրանս անձինք ներկայացրին իրենց անձնական օրինակը, թե ինչպես են խտրականության առնչվել իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով՝ ադրադառնալով իրենց քրեական գործերին, իրենց նկատմամբ ոստիկանության աշխատակիցների և դատական մարմինների ցուցաբերած խտրական վերաբերմունքին և իրենց իրավունքների ոտնահարմանը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն  ընդունեց, որ շատ օրենսդրական և ենթաօրենսդրական բացեր կան, որոնք խանգարում են բժշկական և մասնագիտական տարբեր կարգավորումներ տալուն: Նշվեց, որ հնացած ակտեր են գործում:

Ներկայացուցիչը խոստացավ բոլոր հարցերը և առաջարկները ներկայացնել անձամբ նախարարին և համապատասխան գծով փոխնախարարներին:

Ներկայացուցչի համոզմամբ՝ մինչև 2019 թվականը համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքներին և նպատակներին:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման ու տեղեկատվության բաց փոխանցման միջավայրում, ինչը նպաստեց խնդիրների վերհանմանը, ինչպես նաև տարբեր իրավապաշտպան և առողջապահական կազմակերպությունների միջև վստահության և համագործակցության մթնոլորտի հաստատմանը:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության», «ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» և «Առողջության իրավունք» ծրագրերի շրջանակներում Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի, ԱՄՆ ՄԶԳ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերից ֆինանսավորվող՝ Տղամարդկանց առողջության Եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ: