ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ք․ Երևան 09․08․2019թ․
«ԱՐԾԻՎ-30 ԱՐԱՐԱՏ» ՌՀՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՊՆԴՄԱՄԲ ԵՓՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ
2019թ․-ի ապրիլի 6-ին համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում «ԱՐԾԻՎ-30 ԱՐԱՐԱՏ» մահապարտների անձնակազմի անունից հանդես եկող անձը նշել էր․
-«․․․ խոստանում ենք, որ ամենահնարավորինը կանենք, որ դրանք ազատ չշնչեն։ Հարգելի իշխանություններ, դուք չեք պատկերացնում հիմա մեր կատաղության չափը դրանց վրա, մեզ մարդասպան չսարքեք, որովհետև, երբ որ հանկարծ դրանցից մեկնումեկին սատկացնենք, հետո չգաք ու չասեք ինչի՞ համար սենց եղավ․․․
․․․Էս վերջերս մեկն ասում էր կեցցե «Սորոսը և սորոսականները»։ Քեզ էլ կթաղենք, Սորոսին էլ հետը․․․
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, դիմել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ Կազմակերպության հարկադիր լուծարման պահանջով դատարան դիմելու համար, քանի որ Կազմակերպությունը գործունեության ընթացքում իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն։
2019թ․-ի հուլիսի 11-ին ՀՀ ՊԵԿ-ից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ՊԵԿ կողմից «Արծիվ-30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Վարազդատ Մկրտչյանին 08․05․2019թ․-ին ուղղվել է գրություն՝ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։
ՀՀ ՊԵԿ-ը գտել է, որ բացակայում են «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ կողմից ատելություն բորբոքելու կամ բռնություն քարոզելու գործողություն կատարելու վերաբերյալ ապացույցները։
Օգտվելով վարչական վարույթի նյութերին ծանոթանալու իր իրավունքից, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կրկին դիմել է ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով իրեն տրամադրել «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի պարզաբանումները։
Արդյունքում, 2019թ․-ի օգոստոսի 7-ին ՀՀ ՊԵԿ-ի կողմից ՆՍՀԿ-ին է տրամադրվել «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի պարզաբանումները, որում հստակ նշված է․
-«․․․ Հայտնում եմ, որ Եփրեմ Մրգարյանի ելույթը որևէ կապ չունի «ԱՐԾԻՎ-30 ԱՐԱՐԱՏ» ՌՀՀԿ-ի գործունեության հետ։ Ելույթում վերջինս արտահայտել է իր և ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների սուբյեկտիվ կարծիքն ու դիրքորոշումը, ինչը նպատակ է հետապնդել պաշտպանել ազգային արժեքները և հայկական ավանդական ԸՆՏԱՆԻՔԸ»։
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն օրինական ճանապարհով ձեռք է բերել «ԱՐԾԻՎ-30 ԱՐԱՐԱՏ» ՌՀՀԿ-ի պաշտոնական պարզաբանումը տեսանյութի վերաբերյալ, այնուամենայնիվ կոչ է անում առավել հետևողական լինել Կազմակերպության անդամների վարքագծի և արտահայտած մտքերի նկատմամբ, նկատի ունենալով, որ նման ելույթները անդրադառնում են «ԱՐԾԻՎ-30 ԱՐԱՐԱՏ» ՌՀՀԿ-ի գործարար համբավի վրա և վտանգում այլոց իրավունքներն ու ազատությունները։