infongngo@gmail.com
+374 60 478989

Նոր Սերունդը ընդդեմ ՀՀ ոստիկանության գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ․-ի ապրիլի 18-ին

03 April, 2019

Նոր Սերունդը ընդդեմ ՀՀ ոստիկանության գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ․-ի ապրիլի 18-ին

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 2019թ․-ի հունվարի 29-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պատասխանողին եռօրյա ժամկետում հայցվորի 14․08․2018թ․-ի թիվ NG-02-005-1808 և 15․10․2018թ․-ի թիվ NG-03-042-1810 գրություններին ըստ էության պատասխանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 18․04․2019թ․-ին, ժամը 12։30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում։

ՀՀ ոստիկանությունը հայցադիմումի պատասխանում ամբողջովին առարկել է հայցի դեմ, նշելով, որ ՀՀ ոստիկանությունը համապատասխանաբար 05․11․2018թ․-ի թիվ 30/25275 և 18․12․2018թ․-ի թիվ 10/3-1-6726 գրություններով պատասխանել է Հայցվորին, սակայն դրանք «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ստացած լինելու վերաբերյալ ապացույցներ չեն մատնանշվել։

Գործի նախապատմությունը․

2018թ. Օգոստոսի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանություն է ուղարկվել թիվ NG-02-005-1808 գրությունը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի կողմից 06.08.2018թ. ֆեյսբուքյան հարթակում  ատելություն սերմանող գրառումներ կատարելու փաստի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և համապատասխանաբար քրեական գործ հարուցելու համար։ Նշված գրությունն առձեռն տրամադրվել է ՀՀ ոստիկանություն և գրության մյուս օրինակի վրա կատարվել է համապատասխան գրառում՝ «Ստացա 14.08.2018թ.»։

        2018թ. հոկտեմբերի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ ոստիկանություն է ուղարկվել թիվ NG-03-042-1810 գրությունը` ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից դրսևորված վարքագծի (սպառնալիքներ, ատելության կոչեր) վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և համապատասխանաբար քրեական գործ հարուցելու համար։

        Նշված երկու գրություններին ըստ էության ընթացք տրվելու, քրեական գործ հարուցվելու, ըստ ենթակայության ուղարկելու կամ մերժվելու մասին որևէ տեղեկություն «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին չի տրամադրվել։ Ավելին, գրությունների ընթացքի վերաբերյալ հնարավոր չի եղել ստանալ տեղեկություն նաև հեռախոսազանգերի միջոցով։

        «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 29.11.2018թ.-ին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի անվամբ ուղարկել է կրկնակի գրություն՝ խնդրելով պատասխանել 2018թ. Օգոստոսի 14-ի թիվ NG-02-005-1808 և 2018թ. հոկտեմբերի 15-ի թիվ NG-03-042-1810 գրություններին, սակայն կրկնակի հարցման պատասխան նույնպես չի ստացվել։