2019թ․-ի հոկտեմբերի 2-ին «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության և համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված խորհրդակցական խորհուրդի չորրորդ աշխատանքային հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ծրագրերի համակարգողներ Հմայակ Ավետիսյանը և Ալինա Միրզոյանը, «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ նախագահ Գարիկ Ամոլիկյանը, «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ նախագահ Մաքսիմ Տրուբկինը։
Հանդիպմանը հրավիրվել էին նաև նորաստեղծ երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Հավասարություն բոլորի համար» ՀԿ նախագահ Անդրեյ Անդրոսովը և «Բազմազանություն» ՀԿ նախագահ Արտակ Առաքելյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեց և հստակեցվեց խորհրդին միանալու ընթացակարգը, առաջադրվեց MSMIT (ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ՏՍՏ-երին տրամադրվող ծառայությունների նկարագիր) և TRANSIT (ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված տրանս անձանց տրամադրվող ծառայությունների նկարագիր) փաթեթները ՀՀ Առողջապահության նախարարությանը ներկայացնելուն լիազորված անձը, ինչպես նաև խորհուրդի կանոնակարգը հաստատող լիազորված անձը։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին Խորհրդակցական խորհուրդի հետագա անելիքները․ որոշվեց, որ խորհուրդը կսկսի ՏՍՏ և տրանս համայնքների ներկայացուցիչների ներկայացուցչությունը Միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում ապահովելու գործընթացը, այնուհետև աջակցել և խթանել ընտրված մարմինների գործունեությունը։
Հանդիպումն անցավ բուռն քննարկումների և խորհուրդի արդյունավետ գործունեությանը միտված բազմաթիվ առաջարկների խանդավառ մթնոլորտում՝ հաջորդ ամսվա ընթացքում հանդիպելու և հետագա անելիքները քննարկելու ակնկալիքով։
Խորհրդակցական խորհուրդը ստեղծվել է «Նոր Սերունդ » Մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակցությամբ, ՁԻԱՀ-ի, Տուբերկուլյոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։