infongngo@gmail.com
+374 60 478989

Դանակահարված տրանս* անձի վիրահատությունն ու հետագա բժշկական օգնությունն ամբողջությամբ իրականացվեց անվճար «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի միջամտության արդյունքում

19 April, 2018

Դանակահարված տրանս* անձի վիրահատությունն ու հետագա բժշկական օգնությունն ամբողջությամբ իրականացվեց անվճար «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի միջամտության արդյունքում

 

2018թ.-ի ապրիլի 15-ին երեկոյան ժամը 02:30-ի սահմանում իր վարձակալած բնակարանում դանակահարվել է տրանս* անձ XX-ը:

Վերջինս համացանցի միջոցով ծանոթացած տղամարդու հետ ձեռք է բերել հանդիպման պայմանավորվածություն: Անծանոթ անձը չարաշահելով XX-ի վստահությունը, մուտք է գործել նրա բնակարան, սրճել, զրուցել: Այնուհետև, երբ տուժող XX-ը շրջվել է թիկունքով դեպի անծանոթը, վերջինս քաշել է XX-ի մազերից և դանակով հարվածել պարանոցին: Դանակը մխրճվել է XX-ի կոկորդը:

Անծանոթ անձը հեռացել է տանից, իր հետ վերցնելով Տուժողի հեռախոսը (iphone 7), mitsubishi մակնիշի ավտոմեքենայի բանալիները և տղամարդու բաճկոնը:

Տուժող XX-ը դանակահարող անձի հեռանալուց հետո, գրեթե ուժասպառ վիճակում, հանել է դանակը կոկորդից և սողալով հասել մինչև հարևանի դուռը: Հարևանները շտապ արձագանքել են, զանգահարել Շտապ օգնության ծառայություն և օգնել վիրավորին մինչև բժիշկների մոտենալը:

XX-ը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ առավոտյան ժամը 06:20-ի սահմանում ենթարկվել է վիրահատության:

Բժշկական միջամտություն ցուցաբերելու դիմաց բժիշկները XX-ին ուղեկցող անձանցից պահանջել են մոտ 300.000 ՀՀ դրամ:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն անմիջապես ձեռնամուխ է եղել և դիմել Առողջապահության նախարարություն, ապա նաև Էրեբունի բժշկական կենտրոն, ներկայացնելով բավարար փաստարկներ՝ բժշկական օգնությունն անվճար տրամադրելու համար: Միջամտության արդյունքում Տուժողին բժշկական օգնությունն ամբողջությամբ տրամադրվել է անվճար:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Տուժող XX-ին տրամադրվել է փաստաբան: Հարուցվել է քրեական գործ: Գործը գտնվում է նախաքննության փուլում: