infongngo@gmail.com
+374 60 478989

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ԻՆ

02 July, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ք․ Երևան                                                                                                                   02․07․2019թ․

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ԻՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն 29․01․2019թ․-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ոստիկանության՝ պատասխանողին եռօրյա ժամկետում հայցվորի գրություններին ըստ էության պատասխանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Ոստիկանության ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանին կից ներկայացվել է Ոստիկանության 3-րդ վարչության պետի գրության պատճենը, որով ըստ էության պատասխանվել է հայցվորի գրությանը։ Սակայն ՀՀ  Ոստիկանության ներկայացուցչի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ պատասխան գրությունը հայցվորի կողմից ստացվել է մինչև հայցադիմումը Դատարան ներկայացնելը։

Արդյունքում, հայցվորը իր գրությունների պատասխանը ստացել է հայցադիմումի պատասխանի հետ միաժամանակ, որի հիմքով Կազմակերպության պահանջը բավարարվել է և Դատարանը որոշում է կայացրել վարչական գործի վարույթը կարճելու մասին։

Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Դատարանը որոշել է Ոստիկանությունից հօգուտ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի բռնագանձել հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը և հայցվորի ներկայացուցչի վճարը։

ԳՈՐԾԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ․

2018թ. օգոստոսի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանություն է ուղարկվել գրություն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի կողմից 06.08.2018թ. ֆեյսբուքյան հարթակում  ատելություն սերմանող գրառումներ կատարելու փաստի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և համապատասխանաբար քրեական գործ հարուցելու համար։

2018թ. հոկտեմբերի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ՀՀ Ոստիկանություն է ուղարկվել գրություն` ՀՀ քաղաքացի Արագած Ախոյանի կողմից դրսևորված վարքագծի /սպառնալիքներ, ատելության կոչեր/ վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և համապատասխանաբար քրեական գործ հարուցելու համար։

Գրությունների ընթացքի, քրեական գործի հարուցման, այն ըստ ենթակայության ուղարկելու կամ մերժելու մասին որևէ տեղեկություն Կազմակերպությանը չի տրամադրվել։ Ավելին, գրությունների ընթացքի վերաբերյալ հնարավոր չի եղել նաև ստանալ որևէ տեղեկություն հեռախոսազանգերի միջոցով։

Ստիպված Հայցվորը 29.11.2018թ. ՀՀ Ոստիկանապետ՝ Վալերիյ Օսիպյանի անվամբ ուղարկել է կրկնակի գրություն՝ խնդրելով պատասխանել վերոնշյալ գրություններին, որին նույնպես պատասխան չի տրվել։