infongngo@gmail.com
+374 60 478989

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը դարձել է առավել հասանելի, քան երբեվէ

11 September, 2019

ՄԻԱՎ-ը՝  Մարդու իմունային անբավարարության վիրուսը,  ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս  շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում  են  ՁԻԱՀ-ի՝  Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում   ՁԻԱՀ-ը  ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:

«ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը դարձել է առավել հասանելի,  քան երբևէ»,- ասում է «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ և տրանս անձանց շրջանում»  ծրագրի համակարգող Արտյոմ Մովսեսյանը, որը մասնակցում էր  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում» կազմակերպված ՄԻԱՎ-ի թեստավորման և կանխարգելման վերապատրաստման սեմինար-վարժանքին: 

Ծրագրի օգնական Լևոն Չիլինգարյանը նշում է․ որ «2017 թվականի օգոստոսից  ՆՍՀԿ-ի շահառուներն արդեն իսկ հնարավորություն ունեն անվճար, գաղտնի և անանուն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել կազմակերպության գրասենյակում։ Սա ենթադրում է, որ որպես խորհրդատու վերապատրաստված աութրիչ աշխատակիցը կարող է հետազոտություն իրականացնել ինչպես շահառուի տանը, այնպես էլ այն վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ նախապայմանները՝  ջերմաստիճան, լուսավորություն, գաղտնիություն և այլն»։ Թեստավորման վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Վերապատրաստման դասընթացը կարևոր է նրանով, որ անմիջականորեն թիրախային խմբերի հետ աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչ աշխատակիցներն ամրապնդում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք են բերում համապատասխան մասնագիտական հմտություններ՝ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:

Վերապատրաստման դասընթացը իրականացվում է ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից։

ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ, ԿՍԿ և Տրանս անձանց շրջանում ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։