2019թ․ հունիսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի ունեցավ ՆՍՀԿ շահառու տրանսգենդեր անձ Ս․Պ-ի քրեական գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստին ՆՍՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց Ս․Պ-ի խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու մասին։ Գործով դատախազ Ռ․Մանուկյանը չառարկեց միջնորդության դեմ, նշելով, որ գործի քննության ընթացքում մեղադրյալը ցուցաբերել է դրական վարքագիծ։ Արդյունքում դատավոր Հ․Մանուկյանը բավարարեց պաշտպանի ներկայացրած միջնորդությունը և Ս․Պ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինեց ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով և Ս․Պ․-ն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
ՆՍՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով սա սպասված որոշում էր, որը պետք էր վաղուց կայացնել, քանի որ իր պաշտպանյալ Ս․Պ․-ն կալանքի տակ է գտնվել ապօրինի կերպով։ Պաշտպանի կողմից նախկինում ևս ներկայացվել է խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն, որը բավարարվել է դատարանի կողմից։ Նշանակվել է 5․000․000 ՀՀ դրամի չափով գրավ, որը վճարելու հնարավորություն չունենալու պատճառով Ս․Պ․-ն շարունակել է մնալ կալանքի տակ։
ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի համոզմամբ սա դրական ձեռքբերումների սկիզբն է միայն և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հետևողական է լինելու իր յուրաքանչյուր շահառուի գործով արդար դատաքննության իրականացմանն և խտրականության բացառմանը։
Գործի նախապատմությունը․
Տրանսգենդեր կանայք՝ Ա.Ա.-ն, Ս.Պ.-ն և Ա.Ս.-ն գտնվել են Երևան քաղաքի Զաքյան փողոցում, երբ Ա.Զ.-ն իր սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել նրանց մոտ: Ուղևորի նստատեղում գտնվող աղջիկը լուսանկարել է տրանսգենդեր կանանց և հայհոյել, որոնք ի պատասխան նույնպես հայհոյել են: Ա․Զ․-ն դուրս է եկել ավտոմեքենայից և հարվածել Ս.Պ.-ին, հարձակվել Ա.Ս.-ի վրա և փորձել խեղդել: Այնուհետև նրանք նստել են ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Արդյունքում տուժող ճանաչվելու փոխարեն, Ս․Պ․ -ն գործում ներգրավվել է որպես մեղադրյալ։ 2017թ․-ի սեպտեմբերի 22-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում Ս․Պ․-ն բազմիցս ենթարկվել է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգման, որի վերաբերյալ նույնպես փաստաբանի կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։
Ս․Պ․-ն կալանքի տակ էր գտնվում շուրջ երկու տարի։