Ով է հաջորդը. ընտանեկան բռնության զոհերի հիշատակի մոմավառություն
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցներն արեցին իրենց բողոքի քայլն ընդդեմ ընտանեկան բռնության՝ մասնակցելով Հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում կազմակերպված հիշատակի մոմավառությանը:
Ըստ ՆՍՀԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանի՝ ընտանեկան բռնությունը ՀՀ-ում շարունակում է մնալ լրջագույն խնդիրներից մեկը. «Շուրջ 3 տարի աշխատելով ընտանեկան բռնությունների կանխարգելման ոլորտում ՝ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ, եկել եմ այն հետևության, որ դա ոչ միայն օրենսդրական բացի, այլև հասարակության մի ստվար զանգվածի կողմից այդ երևույթն արդարացնելու ու թաքցնելու արդյունք է:
Չնայած որոշակի փոփոխություններին, սակայն, այնուամենայնիվ իրավապաշտպանների և բռնության ենթարկված կանանց ջանքերով 2017թ.-ի դեկտեմբերի 13-ին վերջապես ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը: Սա համարում եմ մեծ պայքարի հաջողություններից մեկը: Մնում է ստեղծել համապատասխան մեխանիզմներ օրենքի կիրարկումն ապահովելու համար»:
2010թ-ից սկսած, երբ հոկտեմբերիր 1-ին` ամուսնու կողմից տևական ծեծի արդյունքում զոհվեց Մասիսի բնակիչ, 19-ամյա Զարուհի Պետրոսյանը, Հայաստանում նշվում է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»: Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիան ամեն տարի այդ օրն իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության զոհ է դարձել 8 մարդ։