2020 թ․-ի մարտի 12-13-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ տարբեր մարզերում գործող տեղական ՔՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված կարողությունների զարգացման երկօրյա արտագնա դասընթացը:
Դասընթացի թեմաներն էին «Ծրագրերի մշակում և կառավարում» ու «Մոնիթորինգ և հաշվետվողականություն»-ը, որոնք վարեց միջազգային թրեյներ, անդրագոգ, ոլորտում հսկայական աշխատանքային փորձ ունեցող մասնագետ Վարուժան Ավանեսյանը։
Առաջին օրը՝ ժամանումից հետո, մասնակիցները իրար հետ ծանոթացան փորձագետի հեղինակած խաղային մեթոդով, ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում ձևավորվեց ազատ ու ընկերական մթնոլորտ, և բոլորն արագ ընդգրկվեցին գործընթացի մեջ։ Հաջորդիվ ներկայացվեց «Ծրագրի մշակում և կառավարում» թեման, որի սկզբում մասնակիցները կիսվեցին իրենց իմացած մեթոդներով, ապա՝ փորձագետը մանրամասն ներկայացրեց «Հիմնախնդրի նկարագրություն», «Ծրագրի նպատակ», «Ծրագրի խնդիրներ», «Ակնկալվող արդյունքներ», «Գործողություններ», «Ծրագրի ներգործություն», «Ծրագրի շարունակելիություն/կենսունակություն» ենթաթեմաները։ Դասընթացի քննարկումը շարունակվեց մինչև ուշ երեկո։
Երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեց «Մոնիթորինգի էությունը և տեսակները» թեման «Ինչ է աշխատանքի մոնիթորինգը, և որն է դրա նպատակը», «Մոնիթորինգի տեսակները», «Մոնիթորինգի իրականացումը», «Մոնիթորինգի հիմնական մեթոդները», «Մոնիթորինգային հաշվետվություն» ենթաթեմաներով։
Դասընթացի արդյունքում, ըստ մասնակիցների կողմից լրացված գնահատման անանուն թերթիկների, նրանք ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք ամբողջովին կիրառելի են իրենց աշխատանքային բնագավառում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։