infongngo@gmail.com
+374 60 478989

Հայ-Գերմանական փոխանակման ծրագիրը մեկնարկել է

05 August, 2019

2019 թվականի հուլիսի 28-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և «Բավարիայի երիտասարդական խորհրդի» միջև համագործակցության շրջանակներում Հայաստան ժամանեց «Գերմանիայի ալպինիստների ակումբի» երիտասարդական բաժնի կամավոր Լենա Փեշքեն։ Վերջինս մասնակցում էր 2019 թ․-ի հունիսի 10-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն  քաղաքում իրականացված երիտասարդական ոլորտի աշխատողների վերապատրաստման փոխանակման ծրագրի երկրորդ փուլին։  

Այցի առաջին օրը՝ հուլիսի 29-ին, ծրագրի մասնակցի համար «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից այց կազմակերպվեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, որտեղ վերջինս ծանոթացավ ՀԿ-ի գործունեությանը, կառուցվածքին, ներկայումս իրականացվող ծրագրերին։

Նույն օրը մասնակիցը այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ մասնակցի համար շրջայց կազմակերպվեց։ Լենային ներկայացվեցին Կենտրոնի բազմոլորտ գործունեությունը, տեղեկություններ աշխատաժողովների, պատանիների համար նախատեսված ամառային ճամբարների վերաբերյալ և այլն։

Բավարիայից ժամանած մասնակիցը նաև այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այցի երկրորդ օրը՝ հուլիսի 30-ին ծրագրի մասնակցի համար այց կազմակերպվեց «ՕքսԵՋեն» հիմնադրամ, որտեղ վերջինս ծանոթացավ ՀԿ-ի գործունեությանը, կառուցվածքին, ինչպես նաև անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները։

Օգոստոսի 1-ը Լենան անցկացրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում, որտեղ ծանոթացավ ՀԿ-ի գործունեությանը, ընթացիկ և ապագա ծրագրերին ու միջոցառումներին։

Նույն օրը նա հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում ՆՍՀԿ աութրիչների համար կազմակերպված՝ «Սեռավարակները և դրանց կանխարգելումը» թեմայով հանդիպում-քննարկմանը։ Հանդիպումը վարում էր «Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոն»-ի  մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում մաշկաբան-վեներոլոգը ներկայացրեց սեռավարակների տեսակները, դրանց փոխանցման ուղիները, կանխարգելման ու բուժման եղանակները։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ-ի կանխարգելման եղանակներին՝ հաշվի առնելով ՆՍՀԿ աութրիչ աշխատողների աշխատանքային առանձնահատկությունները և թեստավորման ընթացքում նրանց գիտելիքների կարևորությունը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանից։

Մեկշաբաթյա փորձի փոխանակման շրջանակներում մասնակիցը նաև այցելեց Երևանում երիտասարդական հարցերով զբաղվող մի շարք այլ ՀԿ-ներ, ինչպես նաև մշակութային և ժամանցային վայրեր։